Տաթևի վանքի շինարարական փուլերը (ըստ երկրաշարժերի տարեգրության)
In: Herald of Social Sciences, S. 250-267
Միջնադարյան Հայաստանի վանական համալիրների բնականոն զարգացումը խոչընդոտել են նաև երկրաբանական երևույթները, մասնավորապես՝ երկրաշարժերը: Այդ մասին են վկայում գրավոր սկզբնաղբյուրներում պահպանված բազմաթիվ տեղեկությունները, որոնց վերլուծությամբ փորձել ենք ներկայացնել Սյունյաց եպիսկոպոսանիստ և հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի շինարարական փուլերի ընդհանուր նկարագիրը: Ուսումնասիրությունը պարզում է, որ հիմնադրումից ի վեր Տաթևի վանական համալիրը դարերի ընթացքում քանիցս հիմնանորոգվել ու նոր շինություններով է համալրվել, որոնց բուն պատճառը տեղանքին բնորոշ երկրաբանական փոփոխություններն ու երկրաշարժերն են: Այսու, կարելի է հատկանշել շինարարական յոթ ընդգրկուն փուլ՝ IX դարից մինչև 1931 թ. մեծ երկրաշարժը (երկրաշարժեր են գրանցվել նաև 735 թ., 1139 թ., 1232 թ., 1235 թ., 1308 թ., 1406 թ., 1658 թ., 1840-ականներ, 1881 թ.), որոնց հետևանքով համալիրը, չնայած կրած վնասներին ու կորուստներին, շարունակել է ընդարձակվել: Փաստելի է, որ, օրինակ, Ս. Պողոս-Պետրոս տաճարը կառուցվել է 895-906 թթ. երկրաշարժից խարխլված վաղմիջնադարյան եկեղեցու տեղում՝ Սյունյաց իշխանների մեկենասությամբ, կամ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը մեծապես վնասվել էր Գանձակի 1139 թ. երկրաշարժից, 1295 թ. ի հիմանց վերակառուցվել է Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի նախաձեռնությամբ և այլն: Պետք է արձանագրել նաև, որ երկրաշարժերի հետևանքով վերափոխվող վանական համալիրի շինարարական փուլերի արդյունավետությունը պայմանավորված էր նաև այս հոգևոր կենտրոնի՝ ոչ միայն վանական, այլև կրթամշակութային գործառույթներով, որոնց գագաթնակետը դարձավ Տաթևի բարձրագույն համալսարանը: